Հայաստանի հանրապետական կուսակցության՝ վաղը կայանալիք համագումարում «սյուրպրիզներ» չեն լինելու՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումները: «Վաղը տեղի ունենալիք համագումարի առանցքը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով: Անդրադարձ կլինի նաև կուսակցության շինարարական աշխատանքներին, թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին», -ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը վստահություն է հայտնել, որ վաղը կայանալիք ՀՀԿ համագումարի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կընտրվեն որպես ԳՄ անդամներ։ ՀՀԿ խոսնակը շեշտել է, որ կուսակցության նախագահի միակ թեկնածուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։